Եվրոպայի խորհուրդը, Դանիայի արտաքին գործերի նախարարությունը, և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը այսօր մեկնարկեցին տեղական ինքնակառավարման ամրապնդմանն ուղղված եռամյա ծրագիր.

Երևան, չորեքշաբթի, 5-ը փետրվարի 2014թ.Տեղական ժողովրդավարության ոլորտում մեկնարկեց նոր եռամյա ծրագիր, որը ներառված է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2012-2014թթ. Գործողությունների ծրագրում: Ծրագիրն իրականացվելու է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կառավարության աջակցությամբ:

«Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը Երևանում ներկայացրեցին փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ` Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Քնուդ Անդերսենը, Ժողովրդավարական կառույցների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին, ինչպես նաև Երևանում Եվորպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ տեղական ինքնակառավարման մարմիններից և նրանց ներկայացնող միություններից, ինչպես նաև միջազգային հանրությունից և տեղական հասարակական կազմակերպություններից:

Տեղական ինքնակառավարման, այդ թվում` վարչա-տարածքային բարեփոխումների հարցում Կառավարությանը աջակցություն ցուցաբերելու հետ մեկտեղ ծրագիրն օժանդակելու է նաև տեղական համայնքներին` հանրային էթիկայի, քաղաքացիների մասնակցության, մարդկային ռեսուրսների կառավարման և համայնքի ղեկավարների առաջնորդության կարողությունների զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացմամբ: Ծրագրի նպատակն է տարածել տեղական ժողովրդավարության եվրոպական չափանիշների և լավագույն փորձի վերաբերյալ գիտելիքները Հայաստանում:

«Տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդմանն էապես նպաստում է այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ապահովում են քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությունը տեղական իշխանությունների ձևավորման գործընթացին  և իրենց ընտրած մարմինների գործունեության նկատմամբ ավելի նախանձախնդիր վերաբերմունքի դրսևորումը: Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցայնության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը», - իր ողջույնի խոսքում նշեց նախարար Արմեն Գևորգյանը:  

«Այսօր տեղական իշխանությունների հիմնական պարտականությունն է արձագանքել քաղաքացիների կարիքներին և խնդիրներին», - նշեց Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Քնուդ Անդերսենը: «Կոնգրեսը պատրաստ է աջակցել տեղական իշխանություններին իրենց ամենօրյա աշխատանքում` ոչ միայն քաղաքացիներին ծառայություններ մատուցելու, այլ նաև համայնքի կյանքը ակտիվացնելու և արժեքները ձևավորելու հարցում: Ծրագիրը մշակված է Հայաստանում տեղական ժողովրդավարության չափանիշների ամրապնդմանն ու պատշաճ կառավարման սկզբունքների տարածմանը», - հավելեց նա:

«Եվրոպայի խորհուրդը ընդունում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է իրականացնել տեղական կառավարման ոլորտում բարեփոխումներ կատարալեու իր պարտավորությունը և ուրախ է նպաստել դրան իրավական աջակցության և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով: Մենք շարունակելու ենք փորձագիտական կարծիքի տրամադրումը՝ հիմնված եվրոպական լավագույն փորձի և նորարարությունների վրա», - նշեց ԵԽ Ժողովրդավարական կառույցների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին:

Ծրագիրը կիրականացվի երեք տարի տևողությամբ, որի ընթացքում ակնկալվում է ներգրավել մի քանի տասնյակ համայնքներ Հայաստանի բոլոր մարզերից:



 Top